ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի անվան տակ խոստացել է ազատել Ադրբեջանում գտնվող հայ գերիներին. իրավապահների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել պատերազմին մասնակցած եւ անհետ կորած զինվորների ծնողներից խաբեությամբ գումար շորթելու դեպքերից մեկի մասով: Ուշագրավն այն է, որ զինվորների ծնողներից գումար են շորթում Ազգային Անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա ներկայանալու անվան տակ: Մասնավորապես, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տեղեկանալով, որ զինծառայող Հայկ Մաթևոսյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով Հայկ Մաթևոսյանի ազգական Արամ Մանուկյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել Հայկ Մաթևոսյանի որոնողական աշխատանքներով: Հովիկ Բաբայանը, 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով, Արամ Մանուկյանից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետև՝ նրան մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Արամ Մանուկյանին հայտնել է, թե իբր զինծառայող Հայկ Մաթևոսյանը գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետության Դաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հայկ Մաթևոսյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հովիկ Բաբայանը մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է խոշոր չափերով՝ 1 միլիոն 480 հազար 800 ՀՀ դրամին համարժեք ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Արամ Մանուկյանի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Բաբայանը, տեղեկանալով, որ զինծառայող, 2002 թվականին ծնված՝ Վանուշ Հարությունյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կրկին նույն եղանակով կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ Վանուշ Հարությունյանի ազգական Արմինե Փիլոյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհետ կորած զինծառայող՝ Վանուշ Հարությունյանի որոնողական աշխատանքներով: Հովիկ Բաբայանը, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ճանապարհածախսի պատրվակով, Արմինե Փիլոյանից նախ պահանջել և ստացել է 70.000 հազար ՀՀ դրամ, այնուհետև՝ վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Արմինե Փիլոյանին հայտնել է, թե իբր զինծառայող Վանուշ Հարությունյանը ողջ է, սակայն գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունում և ինքը կփորձի իր կապերի միջոցով Վանուշ Հարությունյանին վերադարձնել ՀՀ: Այնուհետև, Վանուշ Հարությունյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով Ադերբեջանից Չեչնիայի Հանրապետություն, այնտեղից՝ Դաղստան, որից հետո ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաք տեղափոխելը կազմակերպելու համար մաս-մաս վճարելու պայմանով պահանջել և խաբեությամբ ստացել է խոշոր չափերով՝ ևս 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.131.400 ՀՀ դրամ՝ Ա.Փիլոյանին պատճառելով ընդհանուրը խոշոր չափերով՝ 1.201.400 ՀՀ դրամի գույքայի վնաս: Հովիկ Բաբայանը կալանավորված է:




Լրահոս