ՏԵՍԱՆՅՈՒԹ. 52 մլրդ դրամի ճակատագիրը՝ անհայտ. ինչ է արվել պատերազմի օրերին հավաքված գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։ Այս աղմուկը բարձրացավ, երբ պատերազմից հետո մամուլում շրջանառվեցին լուրեր, որ կառավարությանը փոխանցված գումարը ոչ նպատակային է ծախսել։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստում որոշել է խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, թե հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը:

Սակայն մինչ«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, թե պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել, նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաև հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հայտարարում է, որ հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից եւ շահարկումներից վեր կառույց:

«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել: Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի», – ընդգծել է նախագահը:

Հավելենք, որ Սարգսյանը դեռ տարեվերջին պահանջել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը հստակ, մանրամասն, թափանցիկ ու հրապարակային հաշվետվություն ներկայացնի։ Արտահերթ ու հեռավար անցկացված նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ, եկեղեցական, հասարակական և բարեգործական կառույցների ներկայացուցիչներ։

Ռոբերտ Քոչարյանը տարածած հայտարարությունում նշում է, որ վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները իրեն վստահություն չեն ներշնչել։ Ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում է 52 միլիարդ դրամի ձևակերպումը՝ որպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։

Նշենք, որ հիմնադրամի շուրջ աղմուկը բարձրացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չէ, մի մասն էլ պատերազմի ընթացքում տրամադրվել է Կառավարությանը։

Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ և մեղադրաքներ հնչեցին հիմնադրամի հասցեին՝ նվիրատուների վստահությունը չարաշելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս