ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակը ևս 15,500 զինծառայողով ավելացնելու մասին։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Հրամանագրով Ռուսաստանի զինված ուժերի թույլատրելի թվաքանակը սահմանվել է 2,441,630 մարդ, որից 1,550,500-ը՝ զինծառայողներ։
Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում բանակի թվաքանակն ավելացնելու Պուտինի արդեն չորրորդ հրամանագիրն է։ Մարտին, հունիսին և հուլիսին ընդունված որոշումների հետ միասին զինված ուժերի թվաքանակի աճը հասել է 47,860-ի։
Պուտինը չի նշել որոշման պատճառը։ Այն ընդունվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին։ Euronews-ը նշում է, որ վերջին ամիսներին ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը դանդաղել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի լայն կիրառման պատճառով։
Միաժամանակ, Ուկրաինայի հետախուզական ծառայությունները օգոստոսին հայտնել էին, որ Ռուսաստանը նախատեսում է այս տարի ռազմաճակատ ուղարկել մինչև 300 հազար մարդու, իսկ հաջորդ տարի՝ ևս նույնքան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարությունը նախկինում հերքել էր նոր զորահավաքի մասին տեղեկությունները։ Պուտինը նման խոսակցություններն անվանել էր «բացարձակ անհեթեթություն»՝ նշելով, որ զինված ուժերի համալրման կարիքները հիմնականում ապահովվում են պայմանագրային զինծառայողների և կամավորների միջոցով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով Պուտինի նոր հրամանագրին, հայտարարել է, որ Ռուսաստանն, ըստ էության, արդեն սկսել է լրացուցիչ զորահավաք՝ ընդլայնելով բանակ հավաքագրման ծավալները։
Զելենսկին նաև հայտնել է, որ իր տվյալներով՝ Հյուսիսային Կորեան պատրաստվում է Ռուսաստան ուղարկել ևս 10 հազար զինծառայող՝ ի լրումն արդեն այնտեղ գտնվող 8 հազարի։
Անի Վարդանյան




























