Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելուց հետո ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների ոչ պաշտոնական վերլուծությունը հիմք է տալիս համարելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում:
ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ ՀՀ վարչապետի հրաժարականի գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն և եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է նաև ռազմական դրության ռեժիմի վերացում: