ArmLur.am-ը երեկ գիշեր հայտնեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
Ինչից է սկսվել պատմությունը
Երեկ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը մարտի 22-ին որոշել է վերադարձնել Օնիկ Գասպարյանի հայցը, որով նա պահանջում էր առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ «Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին» հայտարարությամբ:
Դատարանը հայցը հետ է վերադարձրել այն պատճառաբանությամբ, որ հայցվորը իր իրավունքների եւ շահերի պաշտպանության համար ընտրել է ոչ ճիշտ հայցատեսակ:
Սակայն նույն վարչական դատարանի մեկ այլ դատավոր՝ Մհեր Պետրոսյանը, քննելով նույն Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնանկ անելու վերաբերյալ, օրերս հայցի ապահովման միջոցի մասին որոշում էր կայացրել, որով, ըստ էության, սահմանվում է, որ Օնիկ Գասպարյանին պետք է վերականգնել ԳՇ պետի պաշտոնում և չդադարեցնել նրա լիազորությունները մինչև հայցի, ըստ էության, լուծելը։ Իշխանությւոնները՝ ի դեմս կառավարության, մինչ օրս չի կատարել դատարանի վճիռը՝ տարբեր պատճառաբանություններով, թե որոշումն ապօրինի է։
Բայց միաժամանակ, փաստորեն Կառավարությունը և ապօրինի է համարում դատավորի կայացված վճիռը, և չի կատարում այն, և իրավաբանորեն միջնորդություն է ներկայացրել նույն դատավորին՝ պահանջելով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։
Ու այդ միջնորդության քննարկմանը չսպասելով՝ զուգահեռաբար ՀՀ վարչապետը ՊՆ-ից մի անգամ արդեն հեռացված Արտակ Դավթյանին ներկայացրեց որպես ԳՇ նոր պետ։
Դատավորին ուզում են փոխել
Բացի այդ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կառավարությունը միաժամանակ դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ է հայտնել դատարանում։ Այսինքն՝ փորձ է արվում իրավաբանորեն Օնիկ Գասպարյանի գործով հայցի քննությունը վերցնել դատավոր Մհեր Պետրոսյանի ձեռքից։
Իսկ իրավական դաշտից դուրս, փաստորեն, նաև ճնշումներ են գործադրվում դատավորի նկատմամբ, որպեսզի ընդունի ինքնաբացարկի միջնորդությունը և հրաժարվի գործի քննությունից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հենց այդ սպառնալիքների պատճառով էլ դատավորը դիմել է ԲԴԽ-ին, որպեսզի ԲԴԽ-ն ապահովի իր անվտանգությունը և հեռու պահի ճնշումներից՝ միաժամանակ ապահովելով նրա կյանքի անվտանգությունը։
Հետաքրքիր է՝ ինչքան կդիմանա դատավորը ուժայինների և անհատների ճնշումներին։