ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները:
Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով:
Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգային մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը:
Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները: