Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը կսկսվի ապրիլի 15-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բուհերի ընդունելության նոր կարգի համաձայն այս տարի հայտագրումը կազմակերպվելու է երկու անգամ՝ առաջին և երկրորդ փուլերով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության նոր կարգի հետ կապված մանրամասները: Առաջին փուլի հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից, կտևի մինչև մայիսի 10-ը: Դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնելու է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի:

«Դիմորդը, եթե դժվարություններ ունենա, ապա կարող է դիմել դպրոցին, որտեղ իրեն կօգնեն լրացնել հայտերը: Այսինքն՝ անհրաժեշտ աջակցություն կլինի: Նույն կայքն է լինելու՝ dimord.am-ը, այս առումով փոփխություն չի եղել»,- ասաց Կարո Նասիբյանը:

Դիմորդները քննությունները հանձնելու են հունիսին: Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Երկրորդ փուլի հայտագրման գործընթացը սկսվելու է հունիսի 26-ին և ավարտվելու է հուլիսի 1-ին, քննությունները հանձնելու են հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Երկրորդ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը: Այս տարի որոշվեց, որ այս թափուր տեղերը լինեն և՛ վճարովի, և՛ անվճար:

«Նախապատվությունը կառավարությունը տալիս է մասնագիտական կողմնորոշմանը: Եթե ցանկանում եք ուսումը շարունակել, ապա պետք է իմանաք, թե ուր եք գնում: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ դիմորդների կեսից մի քիչ ավելին ընդունվում է առաջին հայտով, իսկ մնացածները, որոնք բարձր միավորներ ունեին, դուրս էին թողնում մյուսներին՝ իրենց նախընտրած մասնագիտությունց: Արդյունքում ստացվում էր այնպես, որ որևէ կողմը իր նախընտրած մասնագիտությամբ չէր ընդունվում: Մարդ, ով չէր ցանկանում սովորել այդ մասնագիտությամբ, միավորներով հայտնվում էր այդտեղ, իսկ նա, ով ցանկանում էր սովորել հենց այդ մասնագիտությամբ, դուրս էր մնում»,- ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման թեստավորման կենտրոնն արդեն սկսել են մարզերով շրջայցերը մանրամասն ներկայացնելու կարգի հետ կապված փոփոխությունները:

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այս տարի մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքն է կիրառվում: Դա նշանակում է, որ դիմորդներն իրենց նախընտրելի մասնագիտությունը հայտագրում են մեկ բուհում իր անվճար ու վճարովի տարբերակներով: Հիմնական մրցույթն ամփոփելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, ապա հնարավորություն կա հայտագրելու ևս 6 մասնագիտություն այն նույն քննություններով, որոնց առաջին անգամ հայտագրել են:

«Հիմնական շեշտը դնում ենք մասնագիտական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրությունները: Հույս ունենք, որ մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելը կնպաստի ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությանը, հետագայում արդեն որակյալ մասնագետ դառնալուն»,- ասաց Լուսինե Գրիգորյանը:

Առաջին և երկրորդ փուլերն ավարտվելուց հետո հուլիսի 18-ին սկսվելու է լրացուցիչ թափուր տեղերի համար հայտագրում: Վերջին մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին:




Լրահոս