Մարտի 28-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գնդեվազ գյուղի մի տնից գողություն են արել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ մարտի 1-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տանիքից խոհանոց տանող մետաղյա դռնակը, մտել ներս և գողացել կենցաղային ապրանք, մոտ 60 մետր մալուխ, աշխատանքային գործիքներ:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ։
Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Մարտի 30-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա տանը և կից օժանդակ կառույցներում կատարված խուզարկությամբ ոստիկանները գողացված իրեր հայտնաբերեցին, իսկ բջջային հեռախոսի զննությամբ՝ հափշտակած ապրանքների լուսանկարներ:
Բերման ենթարկված տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Քննությունը շարունակվում է: