Ապրիլի 17-ին՝ ժամը 20-00-ին, Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ՝ «սնկային թունավորում» ախտորոշումով։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջինս կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը՝ «ոչխարասունկ» տեսակի, ջրով խաշած և ձվով տապակած վիճակում։ Դիմելու պահին հիվանդն ունեցել է սրտխառնոց, անզուսպ փսխում, գլխացավ։
Բժշկական կենտրոնում պացիենտը ստացել է սիմպտոմատիկ բուժում։ Ապրիլի 19-ի դրությամբ նրա վիճակը գնահատվել է բավարար։
Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կրկին զգուշացնում են.
▶️ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
▶️ չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
▶️ ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
▶️ սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
▶️ չուտել հում սունկ,
▶️ երեխաներին չկերակրել սնկով,
▶️ աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
▶️ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
▶️ թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
▶️ չզբաղվել ինքնաբուժմամբ։