Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի թույլատրելի շեմի գերազանցման պատճառները շարունակում են անհայտ մնալ։ Մինչդեռ բնակիչները սեպտեմբերի 14-ից առողջապահության նախարարության հորդորով չեն օգտագործում համայնքի ջրամատակարարման ջուրը՝ ո՛չ խմելու, ո՛չ էլ կենցաղային նպատակներով։
Խնդրի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել էր Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։ Նմուշառման արդյունքում ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել էր սահմանային թույլատրելի շեմը։ Կրկնակի նմուշառումներ էին իրականացվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել էր նույն շեղումը։
Այս ընթացքում, բնականաբար, առաջանում է մեկ հիմնական հարց՝ որտեղի՞ց են ջուր ստանում Ծավի բնակիչները և արդյո՞ք նրանք ապահովված են անվտանգ ջրով։
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Ծավի համայնքապետ Արմեն Ալեքսանյանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ բնակիչներին ջուր է մատակարարվում ջրատարներով, և համայնքի բնակչությունն այս պահին ապահովված է մաքուր ջրով։
Սակայն առավել ուշագրավ է խնդրի պատճառի վերաբերյալ համայնքապետի պատասխանը։ ArmLur.am-ի հարցին, թե ե՞րբ կարող է հայտնի դառնալ, թե ինչի հետևանքով է Ծավի ջրում սնդիկի մակարդակը բարձրացել, Արմեն Ալեքսանյանը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։
«Մենք էլ ենք պատասխան պահանջում»,- ասել է համայնքապետը։
Փաստորեն, սեպտեմբերի 14-ից անցել է մեկ շաբաթից ավելի, սակայն բնակիչների համար շարունակում է անպատասխան մնալ ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է իրենց ջրում հայտնվել սնդիկ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 17-ին հայտնել էր, որ Ծավի ջրի խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է պատճառների պարզմամբ և վերահսկողական փորձաքննություններով։ Նախարարը նաև նշել էր, որ արդյունքների մասին հանրությանը կհայտնեն։
Միաժամանակ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, մինչ ջրի որակի վերականգնումը համայնքի բնակիչներին պետք է ապահովել անվտանգ ջրամատակարարմամբ։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր նաև, որ բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։
Սակայն այս պահին հարցը մնում է ոչ միայն ջրի անվտանգ օգտագործման, այլև պատասխանատվության մասին։ Ո՞ր աղբյուրից է սնդիկը հայտնվել ջրում, ի՞նչ է տեղի ունեցել ջրամատակարարման համակարգում, ինչպե՞ս է հնարավոր դարձել նման բարձր ցուցանիշի արձանագրումը, և ո՞վ է պատասխանատու դրա համար։
Ծավի համայնքապետարանի ղեկավարն ինքն էլ ասում է՝ «Մենք էլ ենք պատասխան պահանջում»։
Հետևաբար, սպասվում է, որ աշխատանքային խմբի ուսումնասիրությունները ոչ միայն կարձանագրեն ջրի ներկայիս վիճակը, այլև կպարզեն աղտոտման կոնկրետ աղբյուրը և պատասխանատուների շրջանակը։
Մերի Կուրեղյան























































































