Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով, իսկ միայն մայիս ամսվա աճը նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 10.9 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մայիսին՝ 2020-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 2.3 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.3 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին աճը կազմել է 7.4 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 0.9 տոկոսով:
2021 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսն աճել է 5.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 2 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 11.6 տոկոս աճ, իսկ աճը միայն մայիս ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա մայիսի համեմատ, կազմել է 35.3 տոկոս:
Հունվար-մայիսին Հայաստանից արտահանումն աճել է 20.8 տոկոսով, ներմուծումը՝ 6.7 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվարի-մայիսին եղել է 523.87: