ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է, որ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն ֆինանսական աջակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 73 կողմ ձայն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը օրենքը ներկայացնելիս տեղեկացրել էր, որ գործող կարգով՝ պետության կողմից ուսման վճարի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերի ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները: Փոխնախարարի խոսքով՝ բացի օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով: Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ:
Սահմանվել են նաև տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության՝ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմերը: Ներկայումս սահմանվել է ՄԿՈՒ համակարգում՝ 60 տոկոս ՄՈԳ, բակալավրիատում՝ 70 տոկոս և մագիստրատուրայում՝ 80 տոկոս: