ԱՄՆ Ներկայացուցիչների տունը երեկ ձայների մեծամասնությամբ ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը սահմանափակում է Ամերիկայի կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:
Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական օրենսդիրներ, արձանագրում է, որ հաջորդ տարի Ադրբեջանին չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաեւ Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով` միասին վերցրած, անցած տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 միլիոն 600 հազար դոլար էր ստացել: «Սա ազդակ է Ադրբեջանին: Այս նախագիծը հստակ ուղերձ է հղում, որ մենք չենք աջակցելու կամ հանդուրժելու բռնապետական վարչակազմերը, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը, հատկապես երբ այդ քայլերն ուղղված են ժողովրդավար երկրի դեմ»,- քվեարկությունից հետո հայտարարել է առաջարկի հեղինակ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն
Քվեարկությունից առաջ` օրվա առաջին կեսին էլ դեմոկրատ կոնգրեսականն անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։ «Ադրբեջանի հարձակումները մասն են մի ծրագրի, որի նպատակն է յուրացնել Հայաստանի տարածքը եւ հարվածել ժողովրդավարությանը»,-հայտնել էր նա՝ հավելելով` եթե Բաքուն արժանի արձագանք չստանա, անընդհատ շարունակելու է մահաբեր այդ հարձակումները:
Երեկ ընդունված օրինագիծը, սակայն, միայն մասնակի է կրճատում Ամերիկայից ռազմական օգնություն ստանալու Ադրբեջանի հնարավորությունները: Բանն այն է, որ ուժի մեջ է մնում օրենքի մեկ այլ դրույթ, որը լիազորում է Ամերիկայի պաշտպանական գերատեսչությանը սեփական հայեցողությամբ ռազմական սարքավորումներ տրամադրել այս կամ այն երկրին` պայքարելու ահաբեկչության, թրաֆիքինգի կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Սա հենց այն հոդվածն է, որով եւ անցած տարիներին Պենտագոնը տասնյակ միլիոնավոր դոլարներ է տրամադրել Ադրբեջանին: 2018 թվականին, մասնավորապես, այդ նպատակով Բաքուն ստացել էր ավելի քան 58 միլիոն դոլար, 2019-ին` ավելի քան 40 միլիոն: Անցած տարի` Ղարաբաղյան պատերազմի ֆոնին, երբ հայամետ կոնգեսականները հարց էին տվել` ինչու է երկու տարում վարչակազմը շուրջ 100 միլիոն դոլար հատկացրել Ադրբեջանին, Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Մայք Հովարդը պարզաբանել էր?«Այդ աջակցության նպատակն է լուծել խնդիրներ, որոնք ազգային անվտանգության առումով կարեւոր են թե՛ Ամերիկայի, թե՛ Ադրբեջանի համար»,-ասել է նա:
Փաստելով, որ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու այս լծակը դեռ մնում է ամերիկյան վարչակազմի ձեռքում, Հայ դատի հանձնախումբը հայտարարել է` շարունակելու է ջանքեր գործադրել նաեւ այս հնարավորությունը սառեցնելու համար: «Նպատակադրված եւ հաստատակամ մենք կշարունակենք մեր օրենսդրական արշավը, որպեսզի Ալիեւի բռնապետական վարչակազմն ամերիկացի հարկատուների գումարներից նույնիսկ մեկ դոլար չստանա», – հայտարարել է Վաշինգտոնի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրով հնարավոր կլինի առաջիկայում բացի Ռուսաստանից ճամփորդել նաեւ դեպի այլ երկրներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակներում համագործակցել նաեւ այլ երկրների հետ: Արդյոք այս ծրագրով հնարավոր կլինի մեկնել դեպի եվրոպական երկրներ՝ ցույց կտա ժամանակը: Բայց մեզ հայտնի դարձավ, որ այս մասին որոշման նախագիծը նախարարությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ հենց այս ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «զատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում, եւ հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
Քանի որ շատ երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով քայլեր են ձեռնարկում օտարերկրյա պետություններից այցելությունների հոսքի կրճատման ուղղությամբ, բայց, ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ախտորոշման տվյալների, այս թափանցիկության միջոցով քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել, բացի այս, կպարզեցվի սահմանային անցման ընթացակարգը, եւ կնվազեն կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկերը։
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին: Նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային կոնֆլիկտների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել: Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը: Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:
ԿՐԵՄԼՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին եւ աշխատում են կողմերի հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել։ Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Մոսկվան պատրաստ է պահպանության տակ առնել հայկական սահմանը եւ արդյոք չի վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից: «Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երեւանի եւ Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ Սոթքի հանքավայրն այս պահին չի աշխատում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթքի հանքավայրի աշխատակիցները եւ տեխնիկայի որոշ մասը դուրս են բերվել: Հանքը այս պահին չի աշխատում։ Երեւի երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասել է Գնել Սանոսյանը:
ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀՀ ՏԱՐԱԾՔ
«Նիկոլ Փաշինյանը շատ եռանդով պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը, կարծես թե, Հայաստանը չէ։ Ստացվում է, որ Ադրբեջանը կատարում է հակահայկական գործողություններ, ներխուժում է ՀՀ տարածք, կատարում է ահաբեկչական եւ ռազմական գործողություններ, իսկ մենք եռանդով կերտում ենք Ադրբեջանի կոմունիկացիոն անվտանգությունը»,- ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։ Վերջինիս խոսքով՝ կոմունիկացիաների բացումից հետո Ադրբեջանը անարգել կարողանալու է հարմարավետ պայմաններում զենք-զինամթերք տեղափոխել Նախիջեւան, իսկ Հայաստանը, կիսվելով երկու մասի, դժվարություն է ունենալու զենք փոխադրել հյուսիսային սահմաններ։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը եւ այդ առումով տարաբնույթ քննադատություններին՝ փորձագետը նշեց. «ՀԱՊԿ-ը ընդամենը կարող է օգնել ՀՀ-ին պայքարել արտաքին թշնամու դեմ։ ՀԱՊԿ-ը չի ստանձնել պարտավորություն ՀՀ-ի տեղը ռազմական գործողություններ վարելու։ ՀՀ-ի գոյությունը իմաստազրկվում է։ Մինչեւ ՀԱՊԿ-ին մեղադրելը Նիկոլ Փաշինյանը պետք է բոլորիս հաշվետվություն տա՝ ինչ է ինքը արել, որ խնդիրները չեզոքացնի»,-նշել է նա։
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ժորա Ա.-ն, որը 2020թ. մայիսի 10-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, մարդուն առեւանգելու, ավազակության, շորթելու, բանդիտիզմի, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: