Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ հարվածել է ոստիկանության օպերլիազորի ավտոմեքենային և դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, 2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային:

Օրենքով սահմանված կարգով ներկայանալով ավտոմեքենայի սրահում գտնվող երիտասարդին՝ ոստիկանները պահանջել են իջնել ավտոմեքենայից, սակայն նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել են փախչել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Որոշում է կայացվել՝ երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:




Լրահոս