Հալաբյան փողոցում Մահաթմա Գանդիի արձանի այրման գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Վրեժի Ատանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հրկիզման եղանակով ուրիշի զգալի չափերով գույքը վնասելու դիտավորությամբ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից տարածքում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմացի այգում տեղադրված Մահաթմա Գանդիի հուշարձանի մոտ և իր մոտ եղած պոլիէթիլենային շշի մեջ գտնվող բենզին տեսակի վառելիքը լցրել է հուշարձանի պատվանդանի վրա, ապա իր մոտ գտնվող կրակայրիչով բոցավառել է և դրանով հրկիզել է Մահաթմա Գանդիի հուշարձանը և պատվանդանը և հեռացել՝ «Երևան» համայնքին պատճառելով 65.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Հիշեցնենք,որ ապրիլի 24-իմ կրակի մատնված Մահաթմա Գանդիի արձանի լուսանկարը ողողեց համացանցը։ Հրկիզել էին արձանը, որի տեղադրումից հետո հակասական կարծիքների տարափ էր սկսվել։
Հնդկաստանի առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել է դեռ նախորդ տարվա ապրիլի 18-ին՝ 43 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով։
Որոշման համար հիմք է հանդիսացել Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը, արտաքին գերատեսչությանն էլ իր հերթին դիմել էր հնդկական կողմը՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան