ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործը մտել է դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ այն մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին, որը առավել հայտնի է որպես աղմկահարույց գործեր քննող դատավոր:
Ըստ Նախաքննական մամնի՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այլ փոխարենը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ Ռոլանդ Սամվելի Գևորգյանին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելի Սամվելյանի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Մակելսոնի Արզումանյանի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,4388 հա (կադաստրային ծածկագիր 09-005-0750-0027) հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։
Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից 25.05.2020թ.-ի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. թիվ 42 որոշման մեջ և 09-005-0750-0027 կադաստրային ծածկագրով հողատարածքը, որն առանձնացվել է 09-005-0750-0003 կադաստրային ծածկագրից, ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։ 24.06.2020թ.-ին Մեղրիի համայնքապետարանում կազմակերպված աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի կողմից, հաղթող է ճանաչվել Ռոլանդ Գևորգյանը։ 01.07.2020թ.-ին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից որոշում է կայացվել աճուրդի արդյունքներով հողատարածքն օտարել հաղթող ճանաչված Ռոլանդ Գևորգյանին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Մակելսոնի Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է N ՄՏ-02072020-09-0426 միասնական տեղեկանքը, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում գրառում է կատարվել այն մասին, որ հողամասը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով Մխիթար Զաքարյանը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա Արտավազդ Արզումանյանը 07.07.2020թ. դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված N ՄՏ-02072020-09-0426 միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնից հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի գրառումը: Նշված դիմումին ի պատասխան ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից 08.07.2020թ. տրվել է N ՄՏ-08072020-09-0132 միասնական տեղեկանքը, որի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում: Մխիթար Զաքարյանը հանցավոր գործողությունների միջոցով հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով հանձնարարել է համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին պատրաստել նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, ով այդ պահանջը կատարել է և կազմել ու Մխիթար Զաքարյանի հաստատմանն է ներկայացրել համապատասխան տեղեկանքը: Մխիթար Զաքարյանը 09.07.2020թ. հաստատել է նշված կեղծ տեղեկանքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված անձ Արտավազդ Արզումանյանի և Ռոլանդ Գևորգյանի միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով 0,4388 մակերեսով (09-005-0750-0027 կադաստրային ծածկագրով) հողատարածքը օտարվել է և ստացել պետական գրանցում:
Այսպիսով, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի հանցավոր գործողությունների արդյունքում Մեղրիի համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասը օտարվել է Ռոլանդ Գևորգյանն՝ որպես սեփականություն, ինչի արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից։ Մխիթար Զաքարյանի հետ նաեւ մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու անձ:
Ք.Մ