Սեպտեմբերի 7-ից 9-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը գործուղվել էր Ռուսաստանի Դաշնություն: Հրավիրող կողմը եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամը:
Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ այցի նպատակը ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի նախագծի շուրջ առկա տարաձայնությունների քննարկումն է եղել: Եվ արդյունքում, հենց այդ հարցն էլ քննարկվել է եւ որոշում է կայացվել հետագայում եւս շարունակել քննարկումները:
Իսկ ինչ պայմանագրի մասին է խոսքը. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Մասնագետների խոսքով գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ ազգային բորսաների հետ համատեղ:
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ այս տարվա ապրիլին ներկայացվել է ԵՏՀ: Դրանից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Միության երկրներ:
Ն.Հ.