Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում՝ ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում, մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։
Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում, խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում, հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։
«Եթե գնաք Ղարաբաղ, կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ։ Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Եւ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»։
Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ.
«Այս աշխարհը շարունակվում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա։ Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում ևս՝ լինի դա տնտեսության, փոխադրումների, թե գիտության ոլորտներում։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն համաշխարհային ազգ։ Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն, եթե ներգրավես նաև Սփյուռքին։
Վաղը հաջողություն ունենալու համար պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվել է՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից և շատ ավելի խորը ձևով: Մենք պետք է հիմնովին փոխենք մեր դիտակետը, ըմբռնումը:
Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է մի կողմ դնենք մեր դասական մտածելակերպը և գտնենք նոր մոդել, նոր փիլիսոփայություն:
Մենք ունենք գերփոխկապակցված աշխարհ: Եվ մեր փոխկապվածությունը լույսի արագություն ունի: Նոր, քվանտային աշխարհում մենք բոլորս մասնիկներ ենք: Սա մեզ համար անկանխատեսելի է: Մեր մտածելակերպը սխալ է, մենք պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհի հանդեպ մեր հայացքը»։
Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Շատ ուրախ կլինեմ օգտագործել այս հնարավորությունը հրավիրելու ձեզ Դիլիջանում՝ Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որտեղ փորձելու ենք ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին»: