ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Գարեգինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքները կատարելու համար, որ նա, հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ և մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ, իր օգտին, ինչի արդյունքում յուրացման եղանակով, միասնական դիտավորությամբ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի արժեքների համար նյութապատասխանատու մյուս անձանց` գանձապահ Շուշանիկ Հարությունյանի, Հաճախորդների սպասարկման բաժնի պետ Հովինե Սարգսյանի և վերջիններիս պարտականությունները կատարած Հայկանուշ Արշակյանի, Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի օժանդակությամբ հափշտակել է հիշյալ ՓԲԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գումար և ոսկյա զարդեր:
Այսպես. Սարգիս Գարեգինյանը, հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ և մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է ՓԲԸ-ի շահերին հակառակ, իր օգտին, մասնաճյուղի արժեքների համար նյութապատասխանատու մյուս անձանց` Շուշանիկ Հարությունյանի, Հովինե Սարգսյանի և վերջիններիս պարտականությունները կատարած Հայկանուշ Արշակյանի, Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի օժանդակությամբ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016 թվականի վերջերից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով` 48.350.040 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա իրերը դուրս է բերել դրամապահոցից, միաժամանակ նույն ժամանակահատվածում մասնաճյուղի էլեկտրոնային հաշիվներից Շ.Հարությունյանի, Հ. Սարգսյանի, Վ. Բաբայանի, Հ. Արշակյանի, Ս. Սարգսյանի միջոցով իր կնոջ` Լիլիթ Սեդրակյանի քարտային հաշվով կատարել է 1.125.459.520 ՀՀ դրամի չափով շրջանառություն` փոխանցումներ և կանխիկացումներ, այդ գումարներից, ինչպես նաև մասնաճյուղի գործառնական դրամարկղից, բանկոմատի դրամատուփերից անձամբ վերցրել է առանձնապես խոշոր չափերով 126.457.437 ՀՀ դրամ, 30.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո, 170.000 ՌԴ ռուբլի գումար և հափշտակելով դրանք` ոսկյա իրերը գրավադրել է «Ֆաստ կրեդիտ» և «ՍԷՖ» վարկային կազմակերպություններում, ստացած, ինչպես նաև մասնաճյուղից հափշտակած գումարներն օգտագործել է «Արեգակ» և «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպություններում ունեցած պարտքերը մարելու համար, որով էական վնաս է պատճառվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի օրինական շահերին, մասնավորապես` որպես քաղաքացիների վստահությունը վայելող կազմակերպության բարի համբավին, ռեսուրսներին, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:
Քնար Մանուկյան