Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի՝ նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա եւ շոկ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են սուր հիվանդությունները՝ միջին եւ ծանր ընթացքով, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների սրացումը: Հղիությունը պատվաստման հակացուցում չէ. հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր եւ պտղի առողջության համար եւ հղիությունն ընդհատելու ցուցում չէ:
Նախազգուշական միջոցառումներ են`
l վարակիչ կամ սոմատիկ հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո,
l քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո,
l հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երեւույթների կայունացման շրջանում:
Հիշեցում. Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացը, այդ թվում` պատվաստումների հակացուցումները, կանոնակարգվում եւ վարվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում եւ իրականացում» ՍԿ N3.3.1.003-20 սանիտարական կանոնները եւ հիգիենիկ նորմատիվները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-Ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N21-Ն հրամանի:
Ն. Պ.