Մոսկվայում ելնում են այն բանից, որ ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները կորգավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետև երբեք չենք սկսել մեր հարաբերությունների վատացումը ո՛չ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի հետ»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում կարծում են, որ հենց ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի ներկա իրադրությունը կարգավորելու ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունների վատանալու պատմությունն սկսվել է, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականին «տվեց Ցխինվալ քաղաքի վրա հարձակվելու հանցավոր հրամանը»: Լավրովը հիշեցրել է, որ այն ժամանակ Ռուսաստանը պնդել է, որ գումարվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ այդ իրադրությունը քննարկելու համար, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարը (այն ժամանակ՝ Քոնդոլիզա Ռայսը) կտրականապես հրաժարվել է:
«Թեև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծելիս Հիմնադիր ակտում ընդգծվում էր, որ այն պետք է գործի ցանկացած ժամանակ»,-նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Նախօրյակին Լավրովը հայտնել է, որ, Ռուսաստանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, դադարեցնում է դաշինքին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմական ներկայացուցչության գործունեությունը: Նաև դադարեցվում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի լրատվական բյուրոյի գործունեությունը: