ՄԻՊ-Ը ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան անորոշ ձեւակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով: Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի է խճճում հոդվածը: «Այս հոդվածը լի է անորոշ ձեւակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Միանգամից հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված եւ խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է, նման արատավոր երեւույթները չպետք է տեղ ունենան մեր հասարակությունում եւ վերջ:

 

Բայց սա չի նշանակում, թե պետությունը, այս զգայուն ոլորտի կարգավորմանն ուղղված համակարգված, ծրագրված պետական քաղաքականություն վարելու փոխարեն, պետք է միանգամից սկսի գործել Քրեական օրենսգրքի անորոշ ձեւակերպումներով հոդվածներով ու դրանով ավելի բարդացնի վիճակը: Ցանկացած միջոց պետք է անհրաժեշտ ու պիտանի լինի՝ հասնելու համար այն իրավաչափ նպատակին, որը պետությունն իր առջեւ դրել է: Նախ, անթույլատրելի էր այս նախագծի ընդունումն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում, առանց լայն հանրային ու մասնագիտական իմաստավորված քննարկումների, այն էլ՝ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձեւական պատճառաբանությամբ:

Սկզբունքային առումով անընդունելի եւ դատապարտելի էր Քրեական օրենսգրքի այս հոդվածի նախագծային փուլում Կառավարության մոտեցումը: Օրինակ՝ անորոշությունների հետ կապված մի շարք պատգամավորների մտահոգություններ փարատելու փոխարեն՝ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, թե պետք է հույսը դնել պրակտիկայի վրա: Կամ պարզ չէ՝ ԱԺ-ում այդ ինչ վստահությամբ է պնդում արվում, թե ՀՀ դատախազությունը, քննչական մարմինները, փաստաբանները եւ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերակել հայհոյանքի եւ այլ վիրավորանքի շեմը։

Ակնհայտ է, որ չկան այս թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։ Այն, որ նման չափանիշներ չկան, հաստատում են ԱԺ-ում նախագծի քննարկումները։

Իսկ այն, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն էր, որեւէ կերպ չէր նշանակում, թե Կառավարությունը պետք է ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեր, որ հույսը դնում են պրակտիկայի վրա, ու, ավելորդ շտապողականության փոխարեն, չկատարեր իր պարտավորությունը մշակելու ուղեցույցներ, իրականացնելու վերապատրաստումներ եւ այլն: Հանցակազմի ձեւակերպումներն էլ այնպիսին են, որ հանցագործության շեմը էապես նվազեցվել է, քանի որ այն չի պարունակում հանցագործության որեւէ հատկանիշ կամ հիմք, որով նման արարքը պետք է դրսեւորվի։ Այս մոտեցումներով եւ պրակտիկայի հույսով շարժվել չի կարելի: Պետք է հիշել, որ խոսքը վերաբերում է իրական կյանքում իրական մարդկանց իրավունքներին։

Չի կարելի շարժվել այն կանխավարկածով, որ մի քանի հոգի էլ թող ենթարկվի ազատությունից զրկման կամ քրեաիրավական այլ միջամտությունների, ինչ է թե օրենք մշակելիս եւ ընդունելիս ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինը պրակտիկ կիրառության կոնկրետություն, նպատակների հստակություն, անգամ քննարկումների որոշակիություն չեն ապահովել։

Հոդվածը հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ:

Այդպիսին, մասնավորապես, համարվում է անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Քանի որ 137.1-րդ հոդվածի 1-ին մասից բացի, մնացած մասերը հանրային հետապնդման գործեր են, ապա ստացվում է, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածով պատժելի արարքների դեմ պայքարի նպատակով Ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Youtube եւ այլն) բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները:

Այս ամեն ինչին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաեւ արտերկրից, օրինակ՝ սփյուռքից գրառումները: Հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու, հետեւաբար, իրավունքի գերակայություն, չի ապահովվի հանցավորության դեմ արդյունավետ պայքար: Կիմաստազրկվի օրենսդրական նախաձեռնությունն ինքնին, եւ հայհոյանքն ու ատելությունը կշարունակեն մնալ մեր հանրային տիրույթում: Բայց այս ամենը հարցեր են առաջ բերում, թե, օրինակ, այս ամենի համար ինչ կարողություններ ունեն իրավապահ մարմինները, դատարանները:

Ստացվում է՝ եթե, ասենք, Ոստիկանությունը լիարժեք չարձագանքի ողջ նշվածին, ապա գործ ենք ունենալու Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի՝ ոչ բոլորի նկատմամբ կիրառության, հետեւաբար՝ հատվածական, խտրական մոտեցմամբ կիրառության հետ: Պետությունն ինքն է մտել այդ ծանր բեռի տակ ու մարդկանց մի մասին չի կարողանալու բացատրել, թե ինչու է միջամտություններ իրականացնում հենց իրենց իրավունքների նկատմամբ, իսկ հայհոյանք, ծանր վիրավորանք հրապարակային գրող մյուս մարդկանց նկատմամբ՝ ոչ: Եվ դա կոնկրետ գործերով հնարավոր էլ չի լինի արդարացնել պետության ռեսուրսների բացակայությամբ: Հետեւաբար, պետությունն ինքն իրեն, իր իրավապահ ու դատական համակարգերը դարձնում է սեփական անորոշ քայլերի զոհը եւ տանում է պարտադրված խտրականության: Պետք է հիշել, որ քրեական արդարադատության ոլորտն ամենից ռիսկայինն է։ Այստեղ են ձերբակալումը, կալանքը, բնակարանի խուզարկությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները եւ այլն։

Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա, ընդ որում՝ Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի կարճատեւ կիրառությունն արդեն ցույց է տվել, որ այն տրամաբանությամբ, որ կոչված է պաշտպանելու պաշտոնյաների քաղաքացիներից: Նույնիսկ պրակտիկայում սկսվել է հենց այդպես էլ ընկալվել: Այս դիմումով միջնորդել եմ նաեւ կասեցնել Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչեւ Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը»:

 

 

ՍԿՍՈՒՄ Է ՔՆՆԵԼ ԳՈՐԾԸ

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ

Սահմանային անցակետերի աշխատանքային ժամերն ավելացել են. սահմանը կաշխատի մինչեւ կեսգիշեր՝ 24:00-ն: Այս մասին հայտարարել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո եւ Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-24:00 ընկած ժամանակահատվածում»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ոստիկանների կողմից երեկ Կուրղինյան 3/15 հասցեում երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո նրա 3-ամյա երեխային ցնցումներով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բկ։ Այս մասին ասել է  Ռաֆալելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։ «Երեխային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց, ներարկում են արել, դեղեր են նշանակել, երեխայի այս վիճակը ոստիկանների գրոհի արդյունքում է եղել։ Բժիշկներն ասում են՝ սթրեսի արդյունք է։ Դիմել ենք նաեւ հոգեբանի»,- ասել է փաստաբանը։ «Անձն ինքնակամ կառույց է կառուցել։ Դատարանի բոլոր որոշումները կան, կա հարուցված գործ այդ կառույցի օրինականացման վերաբերյալ։ Քանդման որոշումը եւս վիճարկված էր։ Մոտենում են երեկվա կայացված ինչ-որ որոշմամբ, ես՝ որպես փաստաբան՝ հորդորում եմ, բացատրում եմ, որ չիրականացնեն գործողություններ, որովհետեւ օրենքով մենք պաշտպանված ենք, եւ իրենք գործողություններ կատարելու իրավունք չունեն։ Իմ բոլոր բացատրությունները փաստաթղթավորված էին, որեւէ բանի տեղ չանցավ, ու անցան բիրտ գործողությունների՝ քաշելով, հայհոյելով, գետնին գցելով, ձեռնաշղթաներ հագցնելով, եւ այդ բոլորը՝ երեխաների աչքի առաջ: Երեխաները փախել էին դաշտերի մեջ, չգիտեմ՝ հետո ինչպես են գտել»։

Փաստաբանի խոսքով՝ քանդման այդ որոշումը վիճարկելու են Վարչական դատարան, իսկ ոստիկանների այդ գործողությունների դեպքով հաղորդում են ներկայացրել ՀՔԾ. «Առաջինը՝ երեխաների ներկայությամբ այդ դաժան վարքագիծն իրենց հոր նկատմամբ, այդքան հայհոյանքներ, ծեծ, անհամաչափ ուժի կիրառում, երկրորդը՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը. ես արդեն դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՔԾ ներկայացրել եմ հաղորդում, մյուս մասով էլ Վարչական դատարանում կվիճարկվեն նրանց գործողությունները»։

Նշենք, որ տեսանյութն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ եւ սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է: «Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երեւացող հանգամանքները, ինչպես նաեւ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը եւ համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- նշել է նա:




Լրահոս