Armenian text to speach

«Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շրջանակում բոլոր արտոնությունները»․Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում գործող բոլոր արտոնությունները։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են մնալ «մոտ և դաշնակցային», սակայն միաժամանակ՝ բարդ։ Նա նշել է, որ Արևմուտքը փորձում է, իր ձևակերպմամբ, Հայաստանի վրա ազդեցություն հաստատել և խզել նրա տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ։

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն դրա համար պետք է համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Նրա խոսքով՝ ՀՀ խորհրդարանը դեռևս փետրվարին առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծ։

Լավրովը նաև ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը անհամատեղելի է ԵԱՏՄ-ում անդամակցության հետ։

Մինչ այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին չհետաձգել Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության հարցի լուծումը՝ նշելով, որ Հայաստանը ստանում է զգալի տնտեսական առավելություններ՝ հատկապես գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, միգրացիայի և մաքսային ոլորտներում։

Պուտինը նաև ընդգծել էր, որ ԵԱՏՄ և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը գործնականում անհնար է, և առաջարկել էր թեման քննարկել առաջիկա գագաթնաժողովներից մեկի ընթացքում։

Անի Վարդանյան




Լրահոս