Այսօր ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել, ապա կալանավորման համար միջնորդություն է ներկայացրել դատարան Աժ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի մասով:
ArmLur.am-ը գրել էր, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Քննչական կոմիտեն կալանավորման տանում Ջանիբեկ Հայրապետյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից եւ պատճառել է ծանր մարմնական վասվածք: Միաժամանակ ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:
Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը այս դեպքի մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանից մեկնաբանություն էր խնդրել եւ նա կտրականապես հերքել էր շարադրվածը:
Արդյունքում այս գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել մասնավորապես այն, որ գործով տուժող Վաղինակ Սահակյանը անցած տարի մահացել է: Ստացվում է, որ գործով տուժողը չկա, նախկին պատգամավորի դեմ ցուցմունք տվող չկա, սակայն նրան կալանավորել են:
Ք.Մ