ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զարուհի Զուռնաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքներ և կատարել պաշտոնեական կեղծիք Ռաման Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղի վարչական տարածքում գտնվող բազալտի հանքավայրում հանքաարդյունահանման աշխատանքների կատարման թույլտվություն /լիցենզիա/ ստանալու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նախաձեռնել է նախագծային և հիմնադրույթային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննության կատարում, որի իրականացումը հանձնարարվել է կազմակերպության գլխավոր մասնագետ /փորձագետ/ Կարինե Մովսիսյանին:
Այդ ընթացքում Ռոման Եղիազարյանը, լիցենզիա ստանալու հարցում խոչընդոտները վերացնելու, իր փոխարեն համապատասխան փաստաթղթերը կազմելու և դրական եզրակացության ստացումն ապահովելու համար, առանձնապես խոշոր չափերով՝ երկու միլիոն ՀՀ դրամ կաշառք տալու խոստմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել ծանոթի՝ նույն կազմակերպության գլխավոր մասնագետ /փորձագետ/ Զարուհի Զուռնաչյանի հետ՝ վերջինիս կողմից հիշյալ գործողություններն անձամբ կատարելու շուրջ:
Դրանից հետո Զարուհի Զուռնաչյանը, իրավասություն չունենալով կազմակերպության այլ փորձագետի կողմից իրականացվող փորձաքննությանը միջամտելու, կատարել է իր լիազորություններից դուրս ակնհայտ ապօրինի գործողություններ՝ իր ծանոթ Սահարունի Գևորգյանի միջոցով, Ռոման Եղիազարյանի փոխարեն կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ, իսկ Ռոման Եղիազարյանը, պայմանավորվածության համաձայն, 2019 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, Զարուհի Զուռնաչյանին որպես կաշառք մաս-մաս տվել է ընդհանուր՝ երկու միլիոն ՀՀ դրամ գումար:
Ք. Մ.