Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովի անցկացման վայր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը ողջունեց և կարճատև զրույց ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ. Բորիս Ջոնսոնը և Անտոնիո Գուտերեշը դիմավորում են երկրների ղեկավարներին, որոնք Գլազգո են ժամանել համաժողովին մասնակցելու համար:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովն անցկացվում է Գլազգոյում:
Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան:
Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ:
Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա: