Նոր դատարան կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ ԲԴԽ-ն եւ ՀՀ դատարաններն իրականացնում են «Դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում» ծրագիրը: Գալիք տարվա համար կառույցին նախատեսված է հատկացնել 14 մլրդ 341մլն 250 հազ. դրամ, մինչդեռ ԲԴԽ-ն ներկայացրել է 14 մլրդ 237 մլն 497 հազ. դրամի հայտ: Զեկուցողի խոսքով՝ թվում է, թե հատկացվելիք գումարը մոտ 103 մլն դրամով ավելացել է, սակայն դա այդպես չէ, քանի որ այն նվազել է մոտ 628 մլն դրամով: Ավելացել են 2 միջոցառումներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է մոտ 718 մլն դրամ: Այս գումարի հայտը ԲԴԽ-ն դեռեւս չի ներկայացրել: «Հավանաբար օրերս հայտը կներկայացնենք»,-նշել է Խաչիկ Ղազարյանը՝ հավելելով, որ դա կապված է օրենքի փոփոխությամբ նոր դատարանի ստեղծման հետ:

Դատական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ 2021-ին, համաձայն դատական օրենսգրքի, 30-ով ավելացել է դատավորների թիվը, 2022-ին նրանց թիվը կավելանա եւս 29-ով:




Լրահոս