ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հացի գինը բարձրացել է. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հացի գինը բարձրացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացի գինը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել է 1 տոկոսով: Իսկ այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ ահամեմատ հացը թանկացել է 10.4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում թանկացել են նաեւ առաջին անհրաժեշտության մյուս սննդատեսակները: Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկաներում Վիճակագրական կոմիտեն արձանագրել է 2.6 տոկոս գնաճ: Օրինակ ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.8 տոկոսով: Իսկ պանիրը թանկացել է 2.5 տոկոսով:

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայաստանում սննդամթերքը մեկ տարվա ընթացքում թանկացել է 16 տոկոսով: Իսկ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.4 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս թանկացմանը նպաստել է սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի՝ 1.5-5.2 գնաճը: Բանջարեղենի շուկայում այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է 69.3, իսկ այս սեպտեմբերի համեմատ՝ 5.2 տոկոս գնաճ: Փաստորեն մեր հանրապետությունում մեկ ամսվա ընթացքում մրգի ու բանջարեղենի գներն աճել են 4 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձկան և ծովամթերքի շուկայում այս հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 31.9 տոկոս գնաճ: Իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին ձկնամթերքը 3.3 տոկոսով է թանկացել: Միայն «Իշխան»  ձկնատեսակի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 36.5 տոկոսով, իսկ սեպտեմբերի համեմատ այն թանկացել է 3.7 տոկոսով: Ձավարեղենի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 1.2 տոկոսով, իսկ ալյուրը՝ 1.5 տոկոսով:

Բարձրացել է նաեւ շաքարավազի գինը. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ այն թանկացել է 0.8 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 20.3 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս