Փարիզում այսօր կկայանա Լիբիայում ճգնաժամի կարգավորման հարցով միջազգային համաժողով՝ այդ երկրում նախագահի ընտրությունների նախաշեմին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Համաժողովը կանցկացվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ։ Լիբիան պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք նշանակված են դեկտեմբերի 24-ին, և այդ թեման, ինչպես սպասվում է, կդառնա հիմնականներից մեկը։
Օտարերկրյա պետությունների պատվիրակությունները կքննարկեն նաև երկրից օտարերկրացի վարձկանների դուրսբերման թեման։ Անցած տարվա դեկտեմբերին, ՄԱԿ-ի գնահատականներով՝ Լիբիայում գտնվել է մոտ 20 հազար օտարերկրացի վարձկան։
Համաժողովի արդյունքներով սպասվում է Մակրոնի ելույթը։
Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սպասվում է, որ համաժողովի շրջանակում տեղի կունենա Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ժամանակ կքննարկվի Եվրոպայի ռազմավարական կայունությունն ու անվտանգությունը։
Նախարարները կքննարկեն նաև իրենց երկրների համատեղ ջանքերն իրանական միջուկային դոսյեի վերաբերյալ, ինչպես նաև ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցում գործողությունները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Ներկաները կգնահատեն նաև տարածաշրջանային անվտանգությունը Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Նշենք, որ Լիբիայում տևական ժամանակ զուգահեռ գոյություն են ունեցել գործադիր իշխանության երկու մարմիններ․ Ազգային համաձայնության կառավարությունը Տրիպոլիում՝ երկրի արևմուտքում, և ժամանակավոր կաբինետը երկրի արևելքում, որին աջակցում է ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը։