Հայաստանում սկսել են շատ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին գրանցվել է ամուսնության 12 հազար 796 դեպք: Նախորդ տարի այս թիվը կազմել է 9038: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 3758-ով ավելացել են ամուսնության դեպքերը:
Մեզ հայտնի դարձավ, որ ավելացել է նաեւ ամուսնալուծվող զույգերի թիվը: Պաշտոնապես, մեր հանրապետությունում այս տարվա 9 ամիսներին ամուսնալուծության 3297 դեպք է գրանցվել: Մինչդեռ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ամուսնալուծվել է 2415 մարդ:
Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, թե որ մարզում են ամենաշատն ամուսնալուծվում: Բնականաբար ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երեւանում. դրանց թիվը կազմում է 1860: Հաջորդը Կոտայքի մարզն է, որտեղ ամուսնալուծության դեպքերի քանակը կազմել է 262: Բայց մյուս կողմից նշենք, որ Կոտայքում ամուսնացել է 1015 մարդ: Իսկ ահա Արմավիրում ամուսնալուծվել է 185, ամուսնացել՝ 1041 մարդ, Շիրակում ամուսնալուծվել է 171 մարդ, ամուսնացել 808-ը: Նշենք, որ Լոռու մարզը ամուսնալուծությունների թվով եւս առաջատար դիրքերում է. այս մարզում ամուսնալուծվել է 220 մարդ, իսկ ամուսնացել 924-ը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզում ամուսնալուծվել է 87 մարդ, իսկ ամուսնացել՝ 452 մարդ, Սյունիքում ամուսնալուծության 92 դեպք է գրանցվել, իսկ ամուսնության դեպքերը 792 են կազմել: օրինակ, Գեղարքունիքում 101 մարդ է ամուսնալուծվել, 742 մարդ ամուսնացել:
Մասնագետները կարծում են, որ վաղ տարիքում ամուսնության դեպքերը, երբ կինն ու տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում և ինչ սպասումներ ունենան ապագա կողակցից, ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հիասթափության և ամուսնալուծության: Մյուս կողմից, տղամարդկանց մեծ մասն ամուսնալուծությունից հետո բավականին հեշտությամբ է ամուսնանում 2-րդ, անգամ 3-րդ անգամ: Իսկ կնոջը, Հայաստանում նման հնարավորություններ, ավելի քիչ է ընձեռվում: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները:
Օրինակ, եվրոպական երկրներում ամուսնալուծությունների հիմնական պատճառը անհավատարմությունն է: Իսկ ըստ մասնագետների՝ մեր երկրում կնոջ դավաճանության դեպքերը շատ քիչ են: Հայաստանում հիմնականում տղամարդիկ հավատարիմ չեն:
Ս.Հ.