Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
«Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ:
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում: Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրադրության դեէսկալացիայի կարևորությունը: Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում ևս գործադրել բոլոր ջանքերը՝ հանուն տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ: