Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երեկ նախագահ Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզ է նվիրել, որտեղ, ինչպես լուսանկարում է երևում, ներառված են նաև Ռուսաստանի մի շարք շրջաններ։
Մեծադիր քարտեզի ֆոնին երկու առաջնորդների լուսանկարը հրապարակվել է ազգայնական շարժման թվիթերյան էջում ու տարածվել թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներով։
Քարտեզում մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը, նշված են կարմիր գույնով։ Ռուսաստանի հարավային որոշ շրջաններ, Արևելյան Սիբիրը, Բալկանների մի մասն ու Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սինծիան-Ույղուրական ինքնավար մարզը ներկված են նարնջագույն և դեղին։ Լուսանկարում և ուղեկցող մեկնաբանություններում, սակայն, չի հստակեցվում, թե այդ գույներն ինչ նշանակություն ունեն։
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի՝ Էրդողանին նվիրած քարտեզում տեղ են գտել Ռուսաստանի մի շարք շրջաններ