Երևանի 21-ամյա բնակիչը բացահայտ հափշտակել է 8 տաբատ ու փախել։ Այս մասին ՀՀ ոստիկանությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«Նոյեմբերի 17-ին, ժամը 20.23-ի սահմաններում, ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում նկատել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդի, որին հետապնդում էր մի աղջիկ։
Երիտասարդը վազելիս նետել է հագուստը։ Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է նրան, ապա, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարզվել է, որ Երևանի 21-ամյա բնակչը բռնվելուց վայրկյաններ առաջ Ագաթանգեղոսի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել էր 8 տաբատ ու փախել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։