Հայաստանում ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5200 հեկտարով պակասել են։ Ընդ որում, ցանքատարածությունները նվազել են 2016 թվականից սկսած. օրինակ 2016 թվականին ՀՀ-ում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հեկտար, 2017-ին այն դարձել է 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, իսկ 2020 թվականին 222 հազար 700 հա:
Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը՝ 19 հազար 400 տոննայով: Բայց 2018 թվականի համեմատ այն բավականին պակասել է: օրինակ, 2018 թվականին հավաքվել է 187 հազար 500 տոննա ցորեն: Եւ որպեսզի պատկերավոր լինի, թե որքան է ցորենի բերքատվությունը պակասել, նշենք, որ 2016-ին հավաքված ցորենը կազմել է 350 հազար 400 տոննա:
Բայց նկատենք, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, հետեւաբար մեր կողմից սպառվող ցորենի պաշարների զգալի մասը ներկրվում է, ոչ թե արտադրվում: Որոշ մասնագիտական հաշվարկների՝ Հայաստանում եւ Արցախում տարեկան սպառվել է 500 հազար տոննա հացահատիկ, որի 20 տոկոսը ներկրվել է Արցախից: Ըստ Արցախի կառավարության՝ հակառակորդին է անցել շուրջ 95 հազար հեկտար վարելահող: Այսինքն հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսն անցել է հակառակորդին: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազար հեկտար ցանքս, որից շուրջ 50 հազար հեկտարը՝ հացահատիկային:
Սյունէ Համբարձումյան