ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակչի կողմից ՀՀ
ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև
Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի
հանգամանքները:
Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-
23:15-ի սահմաններում, համաքաղաքացին երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու
նպատակով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակչուհու կողմից մատնանշված անձը հանդիսանում է Գյումրի
քաղաքի բնակիչ՝ ծնված 1983թ.:
ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներն այցելել են վերջինիս բնակության վայր՝
քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, սակայն տղամարդը նախ հրաժարվել է տան դուռը բացել,
այնուհետև զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության
բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական
պարտականությունները կատարելու հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: