ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՈՒ ԳՆԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ակտիվության եւ գնաճի ցուցանիշները՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը:

 

«Ռուսաստանում տնտեսական ակտիվության աճը եղել է 4.4-4.5 տոկոս, իսկ գնաճը՝ 8.4-8.5, Բելառուսում տնտեսական ակտիվության աճը եղել է 3.3 տոկոս, իսկ գնաճը` 10 տոկոս, Ղազախստանում՝ համապատասխանաբար 3.5 տոկոս եւ  8.4 տոկոս, Ղրղզստանում՝ 3.6 տոկոս եւ 11.2 տոկոս, իսկ Հայաստանում արձանագրվել է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ 7.7 տոկոս: Մենք մեր Միության երկրների մեջ  ունենք ամենաբարձր տնտեսական աճը եւ ամենացածր գնաճը: Եվ սա եւս կարեւոր է ընդգծել, որ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ ԵԱՏՄ-ի շարքում»,-  ասաց Քերոբյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ գնաճը միջազգային խնդիր է, եւ Քերոբյանի հնչեցրած թվերը ապացուցում են, որ ոչ միայն զարգացող, այլ նաեւ զարգացած երկրներում կա գնաճի բավականին բարձր մակարդակ:

«Օրինակ` ԱՄՆ-ում տարեկան գնաճը կարող է հասնել մինչեւ 7 տոկոսի, որը 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձ ցուցանիշն է: Ինչ վերաբերվում է ապագա անելիքներին, մեր գնահատականները թույլ են տալիս մեզ լիահույս լինել, որ այս տարվա վերջում կվերադառնանք միջակայք գնաճի առումով ու մեր գործողությունները եւ տրամաբանությունը միտված է դրան»,- շեշտեց Գալստյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` 2019 թվականին ամբողջ աշխարհում արձանագրվել էր պարենային ապրանքների աճ, իսկ Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից էր, որտեղ, ընդհակառակը, պարենային ապրանքների գնի նվազում էր արձանագրվել: Հայաստանը 2021 թվականի ընթացքում ունեցել է էական գնաճ, որը, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, ավել է 7.7 տոկոսով: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ավելին է, քան նախատեսել ենք պետական բյուջեով: Դուք գիտեք, որ գնաճը գլոբալ խնդիր է, եւ պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած գործընթաց տեղի չի ունենում: Փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար: Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի շրջանակներ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաեւ հույս ունի, որ կկարողանան արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ:

«Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք:  2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»,- եզրափակեց Փաշինյանը:

Կորոնավիրուսային համավարակի եւ պատերազմական ցնցումների պայմաններում  Հայաստանում էական աճել է միջին ամսական աշխատավարձը, եւ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով: «2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, ավել է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ՝ ավել է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ՝ ավել է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով: 2021 թվականի ընթացքում Հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավել է 19,7 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ՝ ավել է 38.7 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով՝ 2018 թվականի համեմատ:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՎԵԼ ԱՎՏՈԲՈՒՍԻ ԵՐԹԻՆ

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվում են «երթուղային թերթիկ», «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

 

«Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որը տրվելու է ավտոկայանային կամ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, եւ դրանում երթուղու սպասարկման ընթացքի վերաբերյալ կատարվող նշումները ապահովելու են երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Օրենքի նախագծով սահմանվում է նաեւ «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման եւ վերահսկողության գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասաց Սիմոնյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց՝ Երեւանում կան երթուղիներ, որոնք ժամանակի առումով շատ վատ են աշխատում՝ առաջարկելով չվացուցակի հետ կապված հարցի կարգավորումը եւս ներառել նախագծում: «Այն երթուղիները, որոնք 10 րոպեից ավելի միջակայք ունեն, չվացուցակով աշխատեն»,- հարցրեց նա:

Փոխնախարարն արձագանքեց՝ նրանք այսպես, թե այնպես չվացուցակով պետք է աշխատեն: «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունը ենթադրում է, որ էլեկտրոնային ռեժիմով կարելի է հետեւել, թե մեքենան իր երթը երբ է կատարում, X պահի դրությամբ որ կետում է գտնվում, այսինքն՝ հետեւել չվացուցակի կատարմանը»,- ասաց նա:

Փոխնախարարն այս պահին դեռեւս չկարողացավ ասել՝ քաղաքապետարանը հնարավորություն կտա արդյոք քաղաքացիներին հետեւելու համար, բայց ինչ-որ պահի կարող է այդպիսի հնարավորություն էլ լինել: «Օրինակ՝ արտերկրում կան այդպիսի ծառայություններ, որոնք թույլ են տալիս կանգառում երկար չսպասելու համար տեսնել, թե տրանսպորտային միջոցը կոնկրետ որտեղ է գտնվում, եւ դուրս գալ կանգառ այն պահին, երբ մեքենան մոտենում է: Տվյալ ֆունկցիան նույնպես կարելի է կիրառել այդ ծառայությունը ներդնելուց հետո»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ էլեկտրոնային ենթակարգավարական ծառայությունն այսպիսով թույլ կտա տեսչական վերահսկողություն իրականացնել աշխատասենյակից, այլեւս անհրաժեշտություն չի առաջանա տրանսպորտային միջոցին հետեւել փողոցում:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ Է

2021թ. նոյեմբերի 14-ին կայացան Իջեւան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, այդ ընտրություններով  խորհրդային ժամանակ Իջեւանի շրջանը կազմող բնակավայրերը միավորվելով՝ կազմեցին Իջեւան խոշոր համայնքը։ Իջեւանի խոշոր համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը փետրվարի 2-ին որոշում է կայացրել, ղեկավարվելով ՏԻՄ օրենքի եւ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներով, Ենոքավանի, Խաշթառակի, Գետահովտի, Կիրանցի, Սեւքարի, Աճարկուտի, Ակնաղբյուրի, Դիտավանի, Վազաշենի համայնքապետարանի աշխատակիցներին  փետրվարի 4-ից ազատել զբաղեցրած պաշտոններից, կատարել լրիվ  վերջնահաշվարկ եւ վճարել։ Դա  չի վերաբերում Իջեւանի համայնքապետարանում այլ աշխատանքի փոխադրվող աշխատակիցներին։ Սպասվում է, որ Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը առաջիկայում իր որոշումներով զբաղեցրած պաշտոններից կազատի նաեւ Իջեւանի  տարածաշրջանի մյուս համայնքապետարաննների՝ Աչաջրի, Լուսաձորի, Լուսահովտի,  Ազատամուտի, Սարիգյուղի, Այգեհովտի, Գանձաքարի, Ներքին Ծաղկավանի համայնքապետարանների աշխատակիցներին։ Համայնքապետարանի մեծ մասում աշխատակազմն ուռճացած է համայնքի ղեկավարի տեղակալի, համայնքի ղեկավարի խորհրդականի, համայնքի ղեկավարի օգնականի,  աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի քարտուղարի, առաջատար, առաջին, երկրորդ կարգի մասնագետների, պարետի, ցրիչի, համակարգչային օպերատորի, վարորդի եւ այլ հաստիքներով։  Պաշտոններից ազատված անձանց մի մասը, օրինակ, համայնքների անասնաբույժները, հավաքարարները, պահակները, նոր հիմունքներով կաշխատեն Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմում։

 

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐԱԹԱՓՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ

Փետրվարի 3-ին՝ ժամը 12:00-ից մինչեւ 14:00-ն, Մ4-Նոյեմբերյան-Մ6 միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ-ում (Նոյեմբերյան քաղաքի մուտք)  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության եւ ճանապարհը սպասարկող կազմակերպության (Նոյեմբերյանի  «Լեւոն 2» ԱՊԸ) ուժերով արհեստական քարաթափում իրականացրին: Այդ  պատճառով նշված  ճանապարհահատվածը երկու ժամ փակ էր մեքենաների երթեւեկության համար: Նոյեմբերյանի համայնքապետարանն այդ մասին նախապես ծանուցել էր Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակիչներին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս