ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։
1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապտիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։
Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,- ասվում է հայտարարության մեջ։