Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել պտուտակավոր (Twist Off) կափարիչների տեսականի, ինչպես նաև թիթեղյա տարաների արտադրության համար։ Ստացված արտադրանքը իր ուրույն տեղն է գտնելու հայկական շուկայում և հնարավորության դեպքում արտահանվելու է նաև Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ։ Արդեն իսկ իրականացվել է 25 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 380 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 22 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30.1 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Էլմա շուզ» ՍՊԸ-ն: Ներմուծվող հումքն ընկերթյունն օգտագործելու է կոշիկի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 16.8 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ` մինչև 168,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերությունը վերջին 3 տարիների ընթացքում արտադրանքի զգալի մասը արտահանում է ՌԴ։ Ներկայումս ծրագրով նախատեսված արտադրանքի 80 և ավելի տոկոսը նախատեսվում է արտահանել նաև ԵՄ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 336.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 19 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն է տրամադրվել նաև «Էմ Էռ Ինվեստ» ՍՊԸ-ին: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ հիմնման համար։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում։ 2018 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.2 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է մինչև 2024 թ. ստեղծել 40-50 նոր աշխատատեղ` մինչև 204 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 353 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23.5 մլն դրամ:




Լրահոս