Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանի խափանման միջոցը կալանավորումը փոխելու հարցի քննության օրը:
Շտաբի պետի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, որից հետո դատարանում դատավոր Լուսինե Սեփխանյանը կոնկրետ գործողությունների է գնացել, ինչի համար նրա դեմ հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը:
Նշենք, որ դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա. Խաչատրյանի՝ «որպես մեղադրյալ ներգրավվելու մասին» որոշման համաձայն, նա խախտել էր ներքին ծառայության կանոնագրքի 13, 73, 76 հոդվածները, մարտական կանոնադրության 2-րդ մասի 27-րդ կետի պահանջները, «2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման, մշտական մարտական եւ զորահավաքային պատրաստակամության, ստորաբաժանման մարտական խնդիրների հաջող կատարման համար», պատերազմի օրը կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսեւորել է իշխանության անգործություն:
Նշվում է, որ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել:
Ըստ այս որոշման՝ Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ: Նրանք էին՝ Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ՝ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լեւոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լեւոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գեւորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը:
Իսկ ինչ է կատարվում հրամանատարի քրեական գործով դատարանում, փաստաբան Գոռ Գեւորգյանը ուշագրավ մանարամասներ է հայտնում:
Քնար Մանուկյան