Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Ըստ դատախազության` հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ եւ այլ դրամական եւ գույքային միջոցներ: Նկատենք, որ դեռես 2016 թվականին Ժողովուրդ օրաթերթը անդրադարձել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրանի եւ զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանի շուրջ տարածված խոսակցություներին:
Եվ այսպես 2016 թվականի մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածվել էր անանուն լսանյութ:
Լսանյութի մեջ ակնհայտորեն փոխված բամբ ձայնով տղամարդը խոսում է մաքսային ծառայությունում առկա կոռուպցիոն երեւույթների մասին՝ հայտնելով. «Միջին եւ բարձր պաշտոնները զբաղեցնող աշխատողները, անկախ իրենց մասնագիտական եւ մարդկային որակներից, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք, ՊԵԿ-ի եւ առհասարակ պետության ղեկավարների կողմից դիտվում են որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ եւ ցանկալի է անաղմուկ ազատվել»:
Անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու:
Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դարձավ: Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչդեռ այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է Պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացածները մաքսային ծառայության մասին են պատմում չնկատելով այդ «մանրուքը»:
Ինչեւէ, տեսանյութում հիշատակված զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, նախորդ տարվա դեկտեմբերից պաշտոնանկ է արվել: Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ նա խոշոր բիզնես ունի Վիեննայում:
Ակնհայտ է, որ տեքստ կառուցողներն իրականում համակարգից դուրս գտնվող մարդիկ են, որոնք ունեցել են կոնկրետ մարդկանց անունը հանրայնացնելու եւ դրանով ինչ-որ խնդիր լուծելու հստակ նպատակ:
Բանն այն է, որ ՊԵԿ-ն արատավոր բարքերով տարիներ շարունակ աշխատել է, եւ որեւէ նորություն, ըստ էության, հրապարակված անանուն լսանյութի մեջ գոյություն չունի: Պարզապես անուններն են փոխված: Եթե այսօր խոսվում է այն մասին, որ մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը Գ. Խաչատրյանը տվել է իր եղբոր որդուն` ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ապա նախկինում եղել է այլ դերակատար:
Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե ում անուններն է հրապարակվել` իբրեւ կոռուպցիոն սկանդալի դերակատարներ: Ըստ լսանյութի` նրանք են` «Տրանս Ալյանս» մաքսային տերմիևալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը` Կյաժ մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, ով «լեւի» գործեր անելու ու փողեր գցելու համար սույն թվականի հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք:
Եւ այսպես, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, որը եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ըստ լուրերի` իրականում նաեւ խոշոր գործարար է: Ճշտվող տեղեկությունների համաձայն` Վահրամ Գուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Ի դեպ, պարզեցինք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Իսկ ո՞վ է նա, ինչպե՛ս է դերակատար դարձել համակարգում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հիշեցրին, որ 2007-2008 թվականներին հարկային պետական ծառայության պետ աշխատած Վարհամ Բարսեղյանն է Վահրամ Գուրողլյանին նշանակել հարկային ծառայության ներքին անվտանգության վարչության (7-ի) պետ: Ծագումով արցախցի Վահրամ Բարսեղյանը աղմկալի կերպով ազատվեց աշխատանքից, քանի որ նրա «ոտքի տակը» փորել էր հենց նույն Վահրամ Գուրողլյանը:
Ք.Մ.