Armenian text to speach

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին: Այս մասին հայտնում են Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմից:

«Սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը այսօր տեղի կունենա նրա մասնակցությամբ։ Նախորդ նիստերում նրան հարկադրաբար դատարան էր բերվում պատգարակի վրա շտապ օգնության բժշիկների ուղեկցությամբ։

Դատական նիստերի ընթացքում Գագիկ Խաչատրյանը գտնվում էր ուժեղ ցավերի և հոգեկան տառապանքների մեջ և նախորդ դատական նիստերի ընթացքում, հանրային մեղադրողի և դատարանի դիրքորոշումների հետևանքով, պաշտպանական կողմը ստիպված է եղել միջնորդել նիստերն առանց նրա մասնակցության անցկացնելու վերաբերյալ։ Պաշտպանների պնդումները, որ առողջական վիճակի, մշտական ու ուժեղ ցավերի և դատարանում պատգարակին մեջքի վրա պառկած գտնվելու պայմաններում նրա մասնակցությունը ձևական է և թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել պաշտպանության իրավունքը, մնացել են անպատասխան։ Պաշտպանական կողմը նման վերաբերմունքը որակել է որպես արժանապատվությունը նվաստացնող և խտրական։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը բազմիցս հայտարարել է, որ նա ցանկանում է մասնակցել դատաքննությանը, սակայն այդ մասնակցությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական։ Պաշտպանության կողմը նաև ընդգծել է, որ պետական մարմինները մի կողմից չեն ապահովում անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչի հետևանքով նա շարունակում է տառապել ցավերից, իսկ մյուս կողմից նրան կանգնեցնում են դատաքննությանը մասնակցելու և արդյունավետ պաշտպանվելու իրավունքից հրաժարվելու անհրաժեշտության առաջ։ Սա հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտման։

Այսօր ժամը 14։00-ին Հայաստանի հակակառուպցիոն դատարանում տեղի ունենալիք դատական նիստում Գագիկ Խաչատրյանի ցանկությամբ նա կտեղափոխվի դատական նիստերի դահլիճ»,- գրված է հաղորդագրության մեջ:




Լրահոս