«Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանուհի Էվա Խաչատրյանը պատմել է օրվա հույզերի, թատրոնի եւ զգեստի մասին:
«Շատ հաճելի անակնկալ էր ինձ համար:Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, ով ինչ-որ արժեքավոր գործ է ներկայացնում սպասում է նման մրցանակի: Իհարկե, բոլորի նման ես նույնպես իմ մտքում ունեի նման մտքեր, բայց թե ով կստանար, չգիտեի, չնայած՝ կանխատեսումներ ունեի ընկերներիս հետ կապված եւ անարդար կհամարեի, եթե նրանք մրցանակ չստանային, քանի որ նոմինացված գրեթե բոլոր ներկայացումները դիտել էի, տեղյակ էի, թե ով ինչ չափով է խաղացել»,-նշեց դերասանուհին եւ հավելեց՝ այս տարի բավականին արդար է եղել ամեն բան:
Թատրոնում «լավագույն» կոչման արժանացած երիտասարդ դերասանուհին անկեղծ խոսել է իր զգացողություններով եւ շքեղ զգեստի ընտրության մասին: Էվա Խաչատրյանի խոսքով Կարմիր գորգ չի եղել, բայց դա չի խանգարել նրան մրցանակաբաշխությանը լինել ներկայանալի եւ շքեղ տեսքով:
«Ցավոք սրտի, կարմիր գորգ չկար, իհարկե բոլորս կարծում էինք, որ պետք է լիներ: Կամերային թատրոնը ցանկացած միջոցառման ներկայանում է շքեղ եւ տարբերվող. Մենք ժամանակի հետ ենք եւ ժամանակի մեջ: Կամերային թատրոնը սիրում է թատրոնը(ժպտում է): Ես դեռեւս ուսանող տարիներից ներկա եմ գտնվել բոլոր «Արտավազդ» մրցանակաբաշխություններին, եւ այս վերջին երկու տարիներն այն միակն են եղել, որտեղ կարելի էր իսկապես շքեղ ներկայանալ: Իրականում զգեստս շատ պատահական եմ ընտրել: Հետաքրքիր էր, երբ զգեստս տեսավ Լուսինե Երնջակյանը, այսպես զարմանքով ասաց՝ վա՛յ, այս փեշերով ինչպես եք քայլելու եւ այլն, իսկ միջոցառումից հետո ասաց. Էվա՛ այնքան գեղեցիկ էիր բեմի վրա, քայլում էիր, բոլորը կողքից քեզ էին նայում, եւ հասկացա, թե ինչ լավ է, որ չեմ ասել՝ չհագնես այդ զգեստը»,-անկեղծ իր հույզերով կիսվեց դերասանուհին:
Էվա Խաչատրյանի խոսքով երբ հնչել է իր անունը, նա զարմանքից մի պահ քարացել է. «Մենք երբ ստեղծում էինք «Հինգ պատմություն», որը դարձավ վեց պատմություն սիրո մասին ներկայացումը ռեժիսորը՝ Դավիթն ինձ ասաց Է՛վ դու արա այն ինչ մենք մտածել ենք, ու դու այս ներկայացման համար «Արտավազդ» ես ստանալու, եւ վերջում հենց այդպես էլ եղավ: Իրականում շատ մեծ աշխատանք ենք կատարել եւ մեծամտություն թող չթվա, բայց հեշտ բան չէ, մի քանի վայրկյանում կարողանալ մի կերպարից անցնել մեկ այլ կերպարի մեջ, եւ մեկուկես ժամում խաղալ 6 տարբեր կերպար»,-հավելեց դերասանուհին:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ թատրոնի միջազգային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց 21-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Լիդա Եղիազարյան