Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով ավելանում են:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար ամսին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 16 մլն 875 հազար 100 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 1 մլն 296 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Մեզ հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Մեր հանրապետություն մարդասիրական օգնություն ուղարկողների ցանկում կան նաեւ Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 35 հազար 900 դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 177 հազար 800 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվարին Հայաստան եկել է 7000 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարեսկզբին Հայաստանը Շվեցարիայից 135 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ նախորդ տարվա նույն ժամականահատվածում այս երկրից մարդասիրական օգնություն չի եկել:
Ի դեպ, ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱՊՀ երկրներից նախորդ տարվա հունվար ամսին եւս մարդասիրական օգնություն չի ստացել Հայաստանը: Իսկ 2020 թվականի հունվարին Ռուսաստանից 5900 դոլարի չափով է ստացվել օգնություն: Ուկրաինայից եւս նախորդ տարի եւ 2020 թվականի հունվարին մարդասիրական օգնություն չի եկել:
Հնդկաստանից Հայաստան ստացվող օգնության ծավալներն են զգալի պակասել: Օրինակ, Հնդկաստանից Հայաստանը 2021 թվականի հունվարին 45 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, բայց այս տարեսկզբին այն դարձել է 900 դոլար:
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի նվազել է մարդասիրական օգնության ծավալը. եթե նախորդ տարվա հունվարին Հայաստան Չինաստանից եկել է 255 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 55 հազար 900 դոլար:
Նկատենք նաեւ, որ Ամերիկայի Միացյալ Նհանգներից այս տարվա հունվարին Հայաստան ստացվել է 1 մլն 430 հազար դոլարի մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`430 հազար 300 դոլար:
Սյունէ Համբարձումյան