Գառնու տաճար տանող ճանապարհը քանդել են ու չեն նորոգում. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անբարեկարգ ճանապարհները բացասական են ազդում տուրիզմի զարգացման վրա: ՀՀ ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրը ոչ միայն հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն են, այլեւ ճանապարհների անբարեկարգությունը:

Օրինակ այժմ Գառնու հեթանոսական տաճար տանող ճանապարհն է գտնվում սարսափելի վատ վիճակում. տեւական ժամանակ է, ինչ ճանապարհը քանդված է՝ ասֆալտապատելու նպատակով, բայց տեղում դեռ ոչ մի շինաշխատանք չի իրականացվում:

Այս մասին ArmLur.am-ին ահազանգել են ոչ միայն Գառնի գյուղի բնակիչները, հասարակական տրանսպորտի վարորդները, այլեւ մի շարք տուրընկերությունների աշխատակիցներ: Հայաստանի ճանապարհների մեծ մասը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են կարողանում հասնել դեպի այդ տեսարժան վայրերը: Դրանք մեծ անհարմարություններ են առաջացնում ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների, այլեւ մեր քաղաքացիների համար, որոնք փորձում են մի քանի ժամ անցկացնել բնության գրկում: Մյուս կողմից` զբոսաշրջային ընկերությունները վարձում են մեքենաներ` դրանց համար բարձր գին վճարելով, որպեսզի փոսառատ ու անբարեկարգ ճանապարհներն առանց հետեւանքների անցնեն:

Բացի այս, գլխավոր ավտոճանապարհը, որը Գառնի համայնքով դեպի Գեղարդ է ընթանում, եւս գտնվում է ոչ սարքին վիճակում: Տեղեկացնենք, որ նախորդ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ ասֆալտը քանդեցին, որպեսզի նորն անեն, այդ աշխատանքներն ավարտել են մոտ կես տարի առաջ, բայց տեղի բնակիչների խոսքերով, արդեն ճաքճքված է, կիսաքանդ ու փոսառատ:

Այս խնդրի շուրջ Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ նշված ճանապարհի հիմնանորգման ծրագրի ավարտը մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ն է:

«Մինչեւ տարեվերջ այդ ճանապարհները կնորոգվեն: Խնդիրը կոմունիկացիաներն են, դրանք բոլորը փոխվում են: Ճանապարհը միակողմանի բաց է, ճիշտ է, մի փոքր դժվարանցանելի է, բայց փորձում ենք մի բան անել, որպեսզի ժողովուրդը չնեղվի: Ճիշտ է, ծրագրի ավարտը մինչեւ դեկտեմբերի 20-ն է, բայց դա չի նշանակում, որ ճանապարհն այդպես քանդված մնալու է մինչեւ դեկտեմբերի 20-ը: Չի բացառվում, որ իրենք կարող է երկու ամսից ասֆալտապատեն, որովհետեւ լայն թափով աշխատում են»,- տեղեկացրեց գյուղապետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս