Ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի հանցավոր գործողություններից, դիմեն Քննչական կոմիտեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի հանցավոր գործողություններից, խնդրում են դիմել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 54-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 54-ամյա բնակիչը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ, ունենալով տարբեր անձանց նկատմամբ գույքային չմարված պարտավորություններ և տեղեկանալով Մարտունի խոշորացված համայնքի Երանոս բնակավայրի բնակչի կողմից 23.901.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար ունենալու մասին, նպատակադրվել է խաբեությամբ և տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել այն:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Երանոս գյուղի բնակչին հրավիրել է իր աշխատասենյակ և ավանդային տոկոսադրույքի չափը գերազանցող եկամտաբերություն ապահովելու կեղծ խոստումով առաջարկել վերջինիս ունեցած գումարը տրամադրել իրեն, որից հետո շուրջ 2 ամիս որպես խոստացված եկամուտ վերջինիս փոխանցել է ամսական 750 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև տեղեկանալով, որ Երանոս գյուղի բնակիչը բանկի մասնաճյուղում որպես ավանդ ներդրել է 5.000.000 ՀՀ դրամ գումար, վերջինիս առաջարկել է բանկից ստանալ նշված գումարը և փոխանցել իրեն՝ խոստանալով ապահովել ավանդային տոկոսադրույքի չափը գերազանցող եկամտաբերություն:

Սակայն իր աշխատասենյակում առձեռն ստանալով նշված գումարը՝ բանկի կառավարիչը հափշտակել է այն՝ հիշյալ տղամարդուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 28.901.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է`առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս ամենով հանդերձ՝ նախաքննական մարմինը հորդորում է, որ հիշյալ անձի հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիները դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:




Լրահոս