Ինչու է երեխայի մայրը դստերը գցել Դեբեդ գետը. ինչ է նա պատմել իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել մոր կողմից երկու տարեկան դստերը Դեբեդ գետը գցելու դեպքի մասին: Մասնավորապես, երեխայի մայրը իրավապահներին պատմել է՝ ինչու է գնացել այդ քայլին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երեխայի մայրը իրավապահներին հայտնել է, որ չի կարողացել պահել երեխային, քանի որ նա ապօրինի երեխա է եղել: Ավելին, նա իրավապահներին հայտնել է, որ եւս երկու երեխաներ է ունեցել, որոնց հետ ապրել է Ռուսաստանի Դաշնութունում, եւ Ռուսաստանում երեխաները գազից խեղդվել ու մահացել են, որից հետո նա եկել է Հայաստան: Կնոջ խոսքերից հետո իրավապահները ստուգել են նաեւ ՌԴ-ում մահացած երեխաների դեպքի հանգամանքները, քանի որ կասկածներ կան, որ միգուցե նրանք գազից չեն խեղդվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կնոջը նախաքննական մարմինը կկալանավորի:

Հիշեցնենք, որ Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը:
Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը:

Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:

30-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Քնար Մանուկյան




Լրահոս