Կանխվել է Արցախի Հանրապետությանը 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ կանխվել է պետությանը 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը: Դատախազության հաղորդագրության մեջ ասված է.

«ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, այդ թվում աջակցության չափի որոշման հիմք հանդիսացող տեղեկությունների կազմման գործընթացի օրինականության ստուգում: Դրա շրջանակում ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության, ԱՀ գործադիր իշխանությանը ներկայացված միջնորդագրի քննարկման և ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվել է համապատասխան տեղեկությունների ճշգրտում, որի միջոցով միայն անասնագլխաքանակի մասով կանխվել է պետությանը 1.690.000.000 դրամի չափով գույքային վնասի պատճառումը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կոչ ենք անում իրենց լիազորություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն, օրինականության սահմաններում, բարձր պահել պետության հեղինակությունը և առաջնորդվել բացառապես ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

Վերոհիշյալ ոլորտում դատախազական ստուգումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են»:




Լրահոս