ՀՀ կառավարության ընթացիկ տարվա կոմունալ վարձերի չափը գերազանցում է 200 մլն դրամը:
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն սպառվող գազի համար վարչապետի աշխատակազմը վճարել է 55 մլն 632 հազար դրամ:
Իսկ ահա էլեկտրաէներգիայի համար կառավարությունը ընթացիկ տարվա համար ծախսելու է 140 մլն դրամ գումար (նշված գումարով վճարվելու է նաեւ տեսչական մարմինների սպառած էլեկտրաէներգիան): Ի դեպ, 1 մլն դրամը հատկացվելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակին. Ծիծեռնակաբերդի խճուղի 10 հասցեում գտնվող տան կոմունալ ծախսերի (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) 75 տոկոսը պարտավորվում է վճարել վարչապետի աշխատակազմը համաձայն գրասենյակից ներկայացվող մատակարարներից ստացված հաշիվ-ապրանքագրերի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ խմելու ջրի համար կառավարությունն ընթացիկ տարվա համար հատկացրել է 7 մլն 538 հազար դրամ գումար: Ավելի քան 20 մլն դրամ հատկացվել է հանրային հեռախոսների, իսկ 4 մլն դրամ՝ բջջային հեռախոսների ծառայությունների համար:
Ս.Հ.