ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը:
Միջադեպի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2021թ. հոկտեմբերի 7-ին Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, որոնցով տեղեկացվել է երեք երիտասարդների՝ «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հիշյալ բուժհաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան, Վանաձոր և Ծաղկաձոր քաղաքների բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1999, 2000 և 1991թթ.:
Ըստ աղբյուրի՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջիններս նշված վնասվածքները ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից անմիջապես հետո հրազենային վնասվածքներ ստացած երկու անձանց Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխել վերջիններիս ընկերը, ով, սակայն, փորձելով պարտակել հանցագործության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, վարույթն իրականացնող մարմնից թաքցրել է սույն հանգամանքը, ինչպես նաև՝ ավտոմեքենան, որով ընկերներին տեղափոխել է հիվանդանոց:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, ինչպես նաև՝ տարբեր տրամաչափերի պարկուճներ, գնդակներ, գնդակների բեկորներ, դանակ, բազմաթիվ արնանման հետքեր, հրազենային վնասվածքներ: Արնանման հետքեր են հայտնաբերվել նաև վերոհիշյալ ավտոմեքենայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական, դատաձգաբանական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատապայթունատեխնիկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, անհատականացվել են հիվանդանոց տեղափոխված երիտասարդների գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ, համաձայն որոնց, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից երկուսը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։ Երրորդ երիտասարդին ևս մեղադրանք է առաջադրվել։
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել զինված միջադեպին ևս մեկ անձի մասնակից լինելու վերաբերյալ, ով Հրազդան քաղաքի՝ 1989 թ. ծնված բնակիչ է: Որոշում է կայացվել՝ վերջինիս որպես մեղադրյալ ներգարվելու վերաբերյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 2022թ. մայիսի 16-ին վերջինս ինքնակամ ներկայացել է իրավապահներին և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ ընկերներին հիվանդանոց տեղափոխած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: