Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Խաչատրյանական մրցույթն անցկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հունիսի 6-ի առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։
Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մեծաթիվ դիմորդներից նախընտրական փուլը հաղթահարել և առաջին փուլին մասնակցելու են 19 թավջութակահարներ տարբեր երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Ռուսաստան, Վենեսուելա, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Չինաստան, Ռումինիա, Մոլդովա, Բելառուս, Շվեյցարիա, Իսպանիա և Իտալիա:
Խաչատրյանի անվան 18-րդ մրցույթի բացման համերգը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի սյուիտը՝ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն՝ «Սպարտակ» բալետից, և կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։
Խաչատրյանական մրցույթը բաղկացած է երեք փուլից. հունիսի 7-ին և 8-ին կկայանա մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին՝ երկրորդ փուլը, հունիսի 11-ին և 12-ին՝ երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողության ընթացքում։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Խաչատրյանի ստեղծագործություններից։
Մրցույթի առաջին մրցանակակիրը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, երկրորդ տեղը զբաղեցնող մասնակիցը կստանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակ, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող մասնակիցը կպարգևատրվի 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ, որոնց մասին կհայտարարվի մրցույթի փակման արարողության ժամանակ։
Մրցույթի ժյուրին կազմված է հեղինակավոր երաժիշտներից: Այն կգլխավորի մեծանուն ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը, ում սաներն այսօր հանդես են գալիս մեծ բեմերում։ Ժյուրիի կազմում են դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բյուխման-Մետայի անվան երաժշտական դպրոցի թավջութակի և կամերային երաժշտության ուսուցիչ, նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Վերբիեր փառատոնի հիմնադիր-տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի՝ «Reuning & Son»-ի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար, Ֆ. Լիստի անվան կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Իշտվան Վարդան, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը, թավջութակահար Յին Ջաոն։
Նշենք, որ Խաչատրյանի անվան մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված «Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի» (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։